«Հարգելի հայրենակիցներ, ես չեմ կարող հրաժարական ներկայացնել, քանի որ Արցախը պատերազմի վտանգի տակ է, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, ովքեր պահանջում են իմ հրաժարականը, հանդիսանում են արևմտա-թուրքական և սորոսական գործակալներ, ում իշխանության գալը լի է բազմաթիվ վտանգներով հայկական երկու պետությունների համար, և ես՝ որպես Արցախ ազատագրած նախագահ, ամբողջ նորանկախ շրջանում ուժային բարձր պաշտոններ զբաղեցրած պետական այր, ով նաև թիվ մեկ պատասխանատուն է հայ ժողովրդի և ՀՀ-ի անվտանգության համար, չեմ կարող անսալ ձեր պահանջին, որքան էլ զանգվածային բնույթ կրի այդ պահանջը, որքան էլ ինձ մերժեք և դեմ լինեք իմ իշխանավարմանը, ես պարտավոր եմ ապահովել ձեր անվտանգությունը, քանի որ տիրապետում եմ շատ ավելի խորքային տեղեկությունների, լավ գիտեմ՝ ինչ կարող է պատահել ձեզ և պետության հետ, եթե ես այս օրհասական պահին իշխանությունը զիջեմ ապազգային և գործակալական ուժերին:
Ուստի հայցում եմ ձեր ողջամտությունը, ստիպված եմ այժմ ձերբակալել այդ խմբակին և, որպես պետության ղեկավար, չհանձնել հայկական դիրքերը հավանական մեծ պատերազմի նախաշեմին»:
Այս տեքստը չի հնչել 2018-ին:
Փոխարենը, 2018-ին ՀՀԿ խմբակցության ղեկավարը գովասանքի խոսքեր է ուղղել ՆՓ-ի հասցեին: 2018-ին Ռադիոտուն ներխուժած և գրաված ավազակախումբը չի ենթարկվել պատժի: 2018-ին փոխոստիկանապետ Օսիպյանը թևանցուկ քայլել է ՆՓ-ի հետ և, փաստորեն, մասնակցել է ընդդիմության երթին: 2018-ին ՍՍ-ի «տան տղա» Արթուր Վանեցյանի վարորդը մասնակցել է փողոց փակելու գործընթացին: 2018-ին Կրթության նախարարությունը կոչ է արել դպրոցներին՝ դասադուլը խթանել, բազմաթիվ կազմակերպություններ, «վերևների» հրահանգով, խթանել են գործադուլը: 2018-ին նախագահն ինքը նստեց ՆՓ-ի դիմաց և ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ: 2018-ին Շարմազանովի հայտարարությամբ իշխանական պատգամավորները հրահանգ ստացան (սահմանադրական կարգի տապալումով) ընտրել «Նիկոլ Փաշինյան վարչապետ»: Ի վերջո, 2021-ին նույն այդ կուսակցությունը ձեռք սեղմեց ՆՓ-ի ուղիղ հրահանգները կատարող Արթուր Վանեցյանի հետ և «Պատիվ ունեմ» դաշինքով մտավ խորհրդարան, իր շարքերը բերեց նախկին ԻՔ-ական պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
Եվ ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը, պարոնա՛յք:
Կներեք, որ ձեր բեմադրած թատրոնը մանրամասն նայել ենք ու եզրահանգումներ արել: Իսկապես՝ կներեք: Այլ թատրոն խաղայիք՝ այլ եզրահանգումներ կանեինք: Ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ցավոք, որպես ժողովուրդ էլ արդեն կրել ենք պատիժը՝ այդ թատրոնում մասնակցություն ունենալու համար, և ցավոք, մենք բոլորս այնքան տկարամիտ չենք, որքան դուք կցանկանայիք:
Հ.Գ. Իհարկե, սրանից էլ ելքի տարբերակներ կան, բայց ՀՀԿ-ն համառորեն չի ցանկանում այդ տարբերակները տեսնել և որդեգրել է մեկ դոգմատիկ տարբերակ. «Մենք կանենք, բայց դուք մի տեսեք՝ մենք ինչ ենք անում, դուք միայն լսեք ու հավատացեք մեզ, որ ՄԱԾՈՒՆԸ ՍԵՎ Է»:
Էլիզա Առաքելյան